Սոցիոլոգիա եզրույթը գիտական շրջանառության մեջ է մտցրել ֆրանսիացի փիլիսոփա Օ. Կոնտը, 1842 թվականին, իր “պոզիտիվ փիլիսոփայության կուրս” աշխատությունում: Կոնտի հասկացմամբ սոցիոլոգիան հավասարազոր է հասարակագիտությանը, և ներառում է իր մեջ հասարակությանը վերաբերող ամենը, կարծես գումարելով հասարակության մասին մասնավոր գիտությունների եզրահանգումները: Այնուամենայնիվ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում սոցիոլոգիայի առարկան նեղանում է, և ուղղվում հասարակական զարգացման միայն սոցիալական կողմերի հետազոտությանը:
Հասկանալու համար թե ինչ գիտություն է սոցիոլոգիան և ինչ է այն ուսումնասիրում, անհրաժեշտ է սահմանել սոցիոլոգիայի օբյեկտն ու առարկան: Մինչ սոցիոլոգիայի` որպես գիտության օբյեկտին ու առարկային անդրադառնալը, նպատակահարմար է հստակեցնել առհասարակ օբյեկտի և առարկայի ընդհանուր հասկացությունները: Այսպիսով, հետազոտության օբյեկտ ասելով, սովորաբար հասկանում ենք մեզ շրջապատող նյութական կամ ոչ նյութական աշխարհի որոշակի մաս, իրականություն,որը գոյություն ունի անկախ դրա մասին մեր գիտելիքից [6,12] : Դրանք կարող են լինել միմյանց հետ փոխազդող ֆիզիկական մարմիններ կենդանի օրգանիզմներ կամ մարդ: Կարևորն այն է, որ շրջապատող իրականության բոլոր այդ օբյեկտները գոյություն են ունեցել մինչ մեր գիտելիքը և կախված չեն դրանից:
Ի հակադրություն վերոնշյալին, հետազոտության առարկան գոյություն ունի միայն հետազոտողի գլխում, այսինքն ամբողջությամբ կախված է ինքնին գիտելիքից և հանդիսանում է դրա մասը: Որոշակիացնելով հետազոտության առարկան մենք զուտ վերացականորեն առանձնացնում ենք օբյեկտի մեկ կամ մի քանի կողմեր և փորձում ենք ուսումնասիրել դրանք, հաշվի առնելով կամ հաշվի չառնելով այլ` մեր կողմից չառանձնացված մասերի ազդեցությունը [6,12]: Այսպիսի տրամաբանությամբ, հետազոտության յուրաքանչյուր օբյեկտի կարող է համապատասխանել ուսումնասիրության մի քանի առարկա: Օրինակ, քարե շինությունը որպես մեզնից անկախ գոյություն ունեցող իրողություն կարող է հետաքրքրել տնտեսագետին` կառուցման վրա հատկացված ծախսերի տեսանկյունից, ճարտարապետին` ճարտարապետական ոճի և շրջապատող լանդշաֆտին հաջող միացման տեսանկյունից և այլն: Առարկան ինքնատիպություն է հաղորդում գիտությանը: Պետք է նշել, որ գիտության առարկան չի կարող ստաբիլ լինել: Այն գտնվում է մշտական շարժման, զարգացան մեջ և կախված է գիտական գիտելիքի առաջընթացից և հասարակության պահանջմունքներից, որոնք էլ մշտապես փոփոխվում են